Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային:
ԱԺ նախագահը բարձր գնահատեց պատգամավորի այցելությունը Հայաստան եւ ԼՂՀ, նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ծանոթանալու ինչպես Հայաստանին եւ տարածաշրջանին , այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Հայաստանի մոտեցումներին: Հայաստանն ակնկալում է իրավիճակի ճշմարտացի ներկայացում Եվրախորհրդարանում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ շփումները:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը ողջունել է Արեւելյան գործընկերության ծրագիրը եւ դրա շրջանակներում ԵՄ անդամ պետությունների, ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` «Եվրանեսթի» ձեւավորման գաղափարը: Նշելով, որ ինքն առաջինն էր ողջունել այդ գաղափարը, Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ այն կնպաստի Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը եւ տարածաշրջանի երկրների միջեւ նոր համագործակցության հնարավորությունների ստեղծմանը: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց, որ կառույցի վերաբերյալ Հայաստանի բոլոր առաջարկությունները ընդունվել են, եւ պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ նպաստել «Եվրանեսթի» կայացմանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբան շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ Հայաստանի Հանրապետություն եւ ԼՂՀ է այցելել տեղում իրադրությանը ծանոթանալու, անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, հայկական կողմի մտահոգություններին եւ ակնկալիքներին տեղեկանալու համար: Նա բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը «Եվրանեսթին», որը հնարավորություն է` ներկայացնելու Հայաստանի տեսակետները:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այս տարվա հուլիսին Բրյուսել կատարած այցին, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները: ԱԺ նախագահը խոսեց նաեւ դեկտեմբերի 1-2-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի մասին, որի եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները գնահատեց որպես հավասարկշռված եւ օբյեկտիվ:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ եվրոպական կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Եվրախորհրդարանի պատգամավորի այցը Հայաստան եւ ԼՂՀ կնպաստի, որ նրա կողմից պատրաստվող զեկույցը լինի անաչառ եւ օբյեկտիվ: